Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Ատլետիկի» հետ կայանալիք հանդիպման նախաշեմին Խոսեպ Գվարդիոլան իր վերջին նախախաղյա մամուլի ասուլիսն է անցկացրել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում:
«Մեզ սարսափելի եզրափակիչ է սպասվում, նրանք անդադար գրոհելու են, բայց մենք ևս չենք պատրաստվում փակվել պաշտպանությունում», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Եզրափակիչը տեղի է ունենալու «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում մայիսի 25-ին: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն իր անհանգստությունն է հայտնել խոտածածկի որակի վերաբերյալ:
«Չեմ պատկերացնում` ինչ վիճակում է գտնվում խոտածածկը, բայց համոզված եմ, որ այն խնդիրներ է առաջացնելու երկու թիմերի համար», - նշել է Գվարդիոլան:
Այս թիմերի միջև հանդիպումը յոթերորդը կլինի Իսպանիայի գավաթի եզրափակիչների պատմության մեջ: Վերջին անգամ «Բարսելոնան» և «Ատլետիկը» գավաթի եզրափակիչի շրջանակներում հանդիպել են 2009թ. «Մեստալյա» մարզադաշտում: Այն ժամանակ հաղթել էին կատալոնացիները` 4:1:
Комментариев нет:
Отправить комментарий